Abstract:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ուսումնասիրվող թեմայի արդիականությունը: Շուկայական հարաբերություններին անցումը ենթադրում է բազմաթիվ հիմնախնդիրների լուծում, որի դեպքում միայն հնարավոր կլինի ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ շուկայական տնտեսության ձևավորման և զարգացման համար: Որպես այդպիսիք են հանդիսանում երկրի ֆինանսական, դրամավարկային, բանկային, հարկաբյուջետային, սոցիալական, կառուցվածքային և այլ համակարգերում արմատական վերափոխումների իրականացումը: Ընդ որում, այդ գործընթացի իրականացման հիմնական կողմնորոշիչ պետք է դառնա նոր պահանջների բավարարումը, որոնք հաճախ կարող են տրամագծորեն տարբերվել կենտրոնացված կառավարման համակարգի կողմից ներկայացվող պահանջներից:
Տնտեսության կայունացման, առաջընթացի ապահովման, տարաբնույթ խնդիրների լուծման գործում չափազանց կարևոր դեր ունի երկրի հարկային համակարգը։ Դա, բնականաբար, ենթադրում է հարկային այնպիսի քաղաքականության մշակում և իրականացում, որը կնպաստի ձեռնարկատիրական ակտիվության բարձրացմանը, ներդրումային գործընթացի աշխուժացմանը, ազատ մրցակցության հաստատմանը, և, վերջին հաշվով, տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովմանը։ Այն պետք է առավել բարենպաստ պայմաններ ստեղծի երկրում տնտեսավարող սուբյեկտների գործունեության շրջանակների ընդլայնման, ներդրումային գործընթացների ակտիվացման, հավասար մրցակցային դաշտի ձևավորման և ընդլայնված վերարտադրության ապահովման համար: Այլ խոսքով, նշված նպատակների համախումբը իրենից ներկայացնում է պետական կառավարման այն ամբողջությունը, որի համակարգված և հետևողական իրականացման արդյունքում միայն կարելի է ապահովել պետական կարգավորման կարևոր լծակների գործադրման նպատակամետությունն ու արդյունավետությունը:
Տնտեսական նոր, առավել ազատական հարաբերություններին անցման գործընթացով պայմանավորված հիմնախնդիրների լուծումը ստանում է ընդգծված բնույթ հատկապես անցումային տնտեսությամբ երկրներում, քանի որ դրանցում, որպես կանոն, ֆինանսական միջոցների անբավարարությունը, պետական կառավարման համակարգի անկատարությունը, օրենսդրական համապատասխան դաշտի բացակայությունը ստեղծում են լուրջ դժվարություններ: Դա, իր հերթին, օբյեկտիվ անհրաժեշտություն է ստեղծում ինչպես ընդհանուր տնտեսական, այնպես էլ հարկային համակարգերում արմատական վերափոխումների իրականացման համար: Ակնհայտորեն, շուկայական տնտեսությանն անցումը ենթադրում է տնտեսական ազատական հարաբերություններով պայմանավորված կառուցվածքային փոփոխությունների իրականացում տնտեսության տարբեր ճյուղերում և ոլորտներում։ Բնականաբար, նշված գործընթացներից անմասն չի կարող մնալ նաև երկրի հարկային համակարգը, քանի որ տնտեսական վերափոխումների համալիրությունը տնտեսական զարգացման համար կարևոր նախադրյալ է հանդիսանում: Այս խնդիրը առավել կարևորվում է այնպիսի երկրների համար, որոնք հարկային և բյուջետային քաղաքականության առումով նախկինում չեն ունեցել ձևավորված մոտեցումներ ու ավանդույթներ:
Հարկային քաղաքականությունը, հանդիսանալով տնտեսական քաղաքականության բաղկացուցիչ մասը, պետք է բխի մակրոտնտեսասկան հավասարակշռության, ազատ մրցակցության և այլ տնտեսական օրենքներից: Միաժամանակ, այդ քաղաքականությունը էապես առանձնանում է տնտեսական քաղաքականության այլ բնագավառներից՝ պահպանելով դրանց հետ սերտ փոխկապակցվածություն: Տնտեսական գործունեության համարհարկային բարենպաստ դաշտի ստեղծման, հարկման օբյեկտների ու սուբյեկտների սահմանման, հարկերի դրույքաչափերի, դրանց կարգավորման, հարկային կարգապահության, պատասխանատվության և վերահսկողության հետ կապված խնդիրների լուծումը, ըստ էության, երկրում արդյունավետ հարկային համակարգի կառուցման հիմնական նախադրյալներն են:
Հարկային բարեփոխումների ծրագիրը պետք է սահմանի հարկային ոլորտում պետական քաղաքականության մշակման հիմնական սկզբունքները, այդ քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները և կարգավորի դրանց հետ կապված հարաբերությունները։ Այն պետք է ներառի ծրագրի հիմնական խնդիրները, ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ծավալները և ժամանակացույցը, բյուջետային հատկացումների և դրանց արդյունավետ օգտագործման սկզբունքները, ինչպես նաև աշխատանքների իրականացման առաջնայնությունները:
Հայաստանի Հանրապետությունում հարկային քաղաքականության ձևավորման առանձնահատկությունների բացահայտմանը, դրա վրա ազդող բազմաբնույթ գործոնների գնահատմանը, դրանցով պայմանավորված հիմնահարցերի ուսումնասիրությանը նվիրված հետազոտությունները զգալիորեն նպաստեցին տվյալ բնագավառում առկա հարաբերությունների կանոնակարգման և արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ մեթոդաբանական և մեթոդական հիմքերի ստեղծմանը։ Այդուհանդերձ, տնտեսական գործընթացների շարունակվող փոփոխականությունը և հանրապետության սոցիալ-տնտեսականան կայուն վիճակը, ակնհայտորեն, պահանջում են մշակվող և իրականացվող հարկային քաղաքականության կատարելագործում, այդ ուղղությամբ արդյունավետ տնտեսական քաղաքականության իրականացում:
Ելնելով վերոնշյալից որպես մագիստրոսական թեզի թեմա է ընտրվել «Հայաստանի Հանրապետության հարկային քաղաքականության կատարելագործման ուղղիները»:
Հետազոտության օբյեկտը և առարկան: Հետազոտության օբյեկտը Հայաստանի Հանրապետության հարկային համակարգն է, իսկ առարկան` հարկային քաղաքականությունը:
Հետազոտության տեսական, մեթոդական և տեղեկատվական հիմքերը: Մագիստրոսական թեզի համար հիմք են հանդիսացել այդ ոլորտը կարգավորող ՀՀ օրենքները, իրավական ակտերը, տնտեսագիտության տեսության դասական աշխատությունները, հայրենական և արտասահմանյան հեղինակների անցումային տնտեսության զարգացման առանձնահատկություններին նվիրված ուսումնասիրությունները, հարկային քաղաքականության մշակման և իրականացման տարբեր ասպեկտներին վերաբերող հայրենական և արտասահմանյան գրականությունը: Հետազոտության համար տեղեկատվական հիմք են հանդիսացել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ ֆինանսների նախարարության և այլ պետական մարմինների պաշտոնական նյութերն ու տվյալները:
Հետազոտության ծավալը և կառուցվածքը: Մագիստրոսական թեզի ծավալը կազմում է 79 էջ: Այն բաղկացած է ներածությունից, երեք գլխից, եզրակացություն և առաջարկություններ բաժիններից, օգտագործված գրականության ցանկից և հավելվածից:
Առաջին գլխում ներկայացվել է Հարկային համակարգի և հարկային հարաբերությունների ձևավորման առանձնահատկությունները, հարկային համակարգի էությունը, դրա առանցքային տարերը, ինչպես նաև ներկայացվել է Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի ձևավորման ու զարգացման հիմնական ուղղությունները և գործող հարկային համակարգի ընդհանուր նկարագիրը, հարկային քաղաքականության միջազգային փորձը:
Մագիստրոսական թեզի երկրորդ գլխում ներկայացվել է ՀՀ հարկային համակարգի ընդհանուր բնութագիրը և արդյունավետության վերլուծությունը՝ մասնավորապես ներկայացվել է հարկային համակարգի արդյունավետության գնահատման չափանիշները և ցուցանիշների համակարգը, ինչպես նաև իրականացվել է ՀՀ հարկային համակարգի արդյունավետության վերլուծություն:
Մագիստրոսական թեզի երրորդ՝ ՀՀ հարկային քաղաքականության կատարելագործման ուղիները գլխում ներկայացված է ՀՀ հարկային համակարգի հիմնախնդիրները և հարկային քաղաքականության կատարելագործման ուղիները:
Կատարված ուսումնասիրությունների արդյունքում կատարվել են համապատասխան եզրակացություններ և առաջարկություններ: