Abstract:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հետազոտության թեմայի արդիականությունը: Պետական պարտքի հիմնահարցերը արդիական են տնտեսության զարգացման բոլոր փուլերում: Հատկապես կարևորվում են արտաքին պետական պարտքի կառավարման հիմնախնդիրները և դրանց կարգավորման ու կատարելագործման հնարավորությունները: Պետական պարտքի ծագման ու զարգացման գործընթացն անմիջականորեն կապված է պետության, որպես առանձին ինստիտուտի, բնականոն զարգացման և ապրանքադրամական հարաբերությունների կատարելագործման հետ:
Անկախացումից հետո ՀՀ արտաքին պետական պարտքը զրոյական էր, քանի որ ՌԴ-ն իր վրա վերցրեց ԽՍՀՄ-ի արտաքին ակտիվները և պարտքերը: Արտաքին պարտքի տեսքով միջոցների ներգրավումը հնարավորություն է տալիս ավելի մեծ ներդրումներ կատարել« քան թույլ են տալիս երկրի ներքին հնարավորությունները և նպատակ ունի խթանել ազգային տնտեսության աշխուժացումը հիմքեր ստեղծելով հետագայում ներքին արտադրության և արտահանման աճի համար: Պետության ներգրավված միջոցները կարող են դրական լծակ հանդիսանալ տնտեսության աշխուժացման գործընթացում: Այդուհանդերձ, պետք է ի նկատի ունենալ, որ ներգրավված միջոցները ենթադրում են նաև որոշակի պարտավորություններ: Այդ պարտավորություններն ընդունելիս անհրաժեշտ է դրանք համադրել երկրի մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների հետ: Պարտքի և դրա սպասարկման ու մարման աղբյուրների գնահատումը ամբողջական ուսումնասիրության և վերլուծության կարիք են զգում: Այն թույլ կտա երկիրը հնարավորինս զերծ պահել անցանկալի ցնցումներից և տնտեսական ու սոցիալական աղետներից:
Ընդհանրապես, պետական պարտքը, մասնավորապես արտաքին պարտքը, կարող է տնտեսությունում առաջացնել ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ: Բացասական հետևանքներից խուսափելու համար կարևորվում է պարտքի կառավարման ռազմավարության մշակումը` հնարավոր ռիսկերի հաշվառմամբ:
Պետական պարտքի օպտիմալ կառավարման արդյունքում ներգրավված միջոցների ճիշտ և արդյունավետ օգտագործումը հիմքեր է ստեղծում ապագա սերունդների ավելի բարեկեցիկ կյանքի համար: Սակայն չպետք է միանշանակ կարծել, որ պետական պարտքի ներգրավմամբ և դրա արդյունավետ օգտագործմամբ կարելի է խուսափել ոլորտի հետ կապված բոլոր բացասական հետևանքներից: Հակառակ պարագայում չէին դիտվի այնպիսի խոշոր ճգնաժամեր, ինչպիսիք են Մեքսիկայում 80-ականներին ծագած պարտքային ճգնաժամը, որին հաջորդեցին մի շարք երկրների հայտարարությունները` կապված նրանց անվճարունակության հետ: Լուրջ ճգնաժամ էր նաև 98-ականների ռուսաստանյան պարտքային ճգնաժամը, որի առաջացրած ցնցումները զգալի եղան մի շարք տնտեսությունների վրա: Այժմ էլ մի նոր ալիք է բարձրացել. նոր պարտքային ճգնաժամի լուրջ սպառնալիք, որ գալիս է Եվրոպայից: Կարելի է արձանագրել, որ այն երկրները, որոնք մշակել և իրականացրել են պարտքի կառավարման պատշաճ ռազմավարություն, կարողացան նվազեցնել տնտեսության վրա ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները:
Հետազոտության նպատակը և խնդիրները: Մագիստրոսական թեզի նպատակն է, ուսումնասիրելով վերջին տարիներին ՀՀ արտաքին պետական պարտքի կառավարման ոլորտի առկա իրավիճակը, գնահատելով հնարավոր զարգացումները՝ միջին ժամկետ ժամանակահատվածի համար առաջարկել արտաքին պետական պարտքի կառավարման արդյունավետ սցենար: Առաջադրված նպատակը պայմանավորել է հետազոտության խնդիրների հետևյալ շրջանակը.
• ուսումնասիրել արտաքին պարտքի կառուցվածքը, ձևավորման նպատակները և աղբյուրները,
• հետազոտել ՀՀ արտաքին պետական պարտքի կառավարման գործող համակարգը և դրա կառավարման նպատակները, սկզբունքները, գործառույթները, ինչպես նաև բացահայտել ՀՀ արտաքին պետական պարտքի կառավարման հիմնախնդիրները,
• ուսումնասիրել արտաքին պետական պարտքի կառավարման միջազգային փորձը փորձը՝ ներառյալ միջազգային պարտքային ճգնաժամերի հիմանակն բնութագրերը,
• վերլուծել արտաքին պետական պարտքի կառավարման ոլորտի առկա իրավիճակը, ներկայացնել արտաքին պետական բեռը բնութագրող փաստացի ցուցանիշները,
• վեր հանել ՀՀ պետական պարտքի կառավարման ոլորտում առկա խնդիրները և նշել ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ուղղությունները:
Հետազոտության օբյեկտը: ՀՀ արտաքին պետական պարտքի կառավարման համակարգն է՝ կապված վերջինիս ձևավորման և սպասարկման հետ, ինչպես նաև այդ պարտքի կառավարման գործընթացը:
Հետազոտության տեսական, տեղեկատվական և մեթոդական հիմքերը: Հետազոտության ընթացքում կիրառվել են տնտեսագիտության տեսությանը հայտնի ընդհանուր գիտական մեթոդներ և եղանակներ: Հետազոտության մեթոդաբանությունը հիմնված է ինչպես զուտ տեսական, այնպես էլ գործնական ուսումնասիրությունների վրա: Աշխատանքում օգտագործվել են բնագավառի հեղինակավոր մասնագիտական աշխատությունները, արտաքին պետական պարտքին առնչվող տարբեր հրապարակումներ: Անհրաժեշտ ուսումնասիրությունների և կոնկրետ վերլուծությունների նպատակով օգտագործվել են ՀՀ ֆինանսաների նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի, Ազգային վիճակագրական ծառայության տեղեկագրերն ու տեղեկատվությունը, Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի՝ Հայաստանին վերաբերյալ զեկույցներն ու քաղաքականության հուշագրերը, ոլորտին առնչվող օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը:
Հետազոտության արդյունքների տեսական և գործնական նշանակությունը: Հետազոտության գործնական նշանակությունը պայմանավորված է միջնաժամկետ հատվածում ՀՀ արտաքին պետական պարտքի կառավարման խնդիրների բացահայտմամբ և լուծումների առաջարկություններով: Մագիստրոսական թեզում ներառված ուսումնասիրությունները, վերլուծությունները, եզրակացություններն ու առաջարկությունները հիմնականում կրում են գործնական բնույթ և կարող են օգտագործվել ինչպես երկրի պետական ծախսերի, այնպես էլ ներքին ու արտաքին պետական պարտքի կառավարման միջնաժամկետ ծրագրերում:
Հետազոտության կառուցվածքը և ծավալը: Մագիստրոսական թեզը բաղկացած է ներածությունից, երեք գլուխներից, եզրակացություններից և առաջարկություններից ու օգտագործված գրականության ցանկից: Աշխատանքը շարադրված է 85 էջերի վրա՝ ներառյալ օգտագործված գրականության ցանկը: